15:33 | 25.11.10 | Նորություններ | 3777

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գործարկել է թեստային Wi-Fi-ցանցը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը այսօր հայտարարել է Wi-Fi-ցանցի փորձնական շահագործման մեկնարկի մասին երեւանյան 4 գոտիներում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նա ասել է, որ Wi-Fi ցանցը մինչեւ հունվարի վերջը անվճար է լինելու Երեւանի հանրային գրադարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի, ինչպես նաեւ Պետական մանկավարժական համալսարանի հարակից տարածքներում:

Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, Wi-Fi միացման հնարավորություններ պարունակող սարքավորումներ ունեցողները պետք է միայն գտնեն եւ միանան «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցին:

«Հասարակական վայրերում Wi-Fi ծառայություններ տրամադրելով` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը անում է հերթական քայլը բաժանորդներին հարմարավետ եւ որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Նա նշել է, որ ընկերությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել այն մասին, թե ինչ սակագներով է տրամադրվելու այդ ծառայությունը հետագայում` նշելով, որ 2011թ. ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մտադիր է Wi-Fi հասանելիություն ապահովել մայրաքաղաքի բոլոր հանգստի գոտիները: