«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
12:46 | 10.11.10 | Նորություններ | 3385
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն /ՀԾԿՀ/ այսօր բավարարել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հայտը ռադիոհաճախականությունների տրամադրման վերաբերյալ` LTE (Long Term Evolution) տեխնոլոգիայի հիման վրա չորրորդ սերնդի ցանց (4G) գործարկելու նպատակով:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ «այսօր շատ կարեւոր օր է մեր ընկերության համար»:
««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կդառնա առաջատարը չորրորդ սերնդի ցանցի կառուցման ոլորտում: Մենք շուտով ցանցը շահագործման կհանձնենք. ընկերությունը վաղուց է աշխատում ցանցի կառուցման ուղղությամբ, ու մեզ մնում էր միայն ստանալ հաճախականությունների օգտագործման թույլտվություն»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:
Նրա խոսքերով, ընկերությունը կսկսի 4G ցանցի ծառայություններ մատուցել Երեւանում, ապա նաեւ մարզերում` կախված բնակչության խտության աստիճանից: Ռալֆ Յիրիկյանը նշել է նաեւ, որ 4G ցանցը զարգանալու է երրորդ սերնդի ցանցի (3G) ծառայությունների հետ զուգահեռ:
Ընկերության ղեկավարը հայտնել է, որ 3G ցանցը հասանելի է ՀՀ ավելի քան 650 բնակավայրերում:
«4G ցանցի գործարկումից հետո մենք կկարողանանք տասնյակ անգամ մեծացնել ցանցի արագության հնարավորությունները»,- ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը: