14:05 | 08.10.10 | Նորություններ | 3671

«Այբ»-ը նախաձեռնել է լավագույն միջազգային դասագրքերը Հայաստան ներմուծելու ծրագիրը

Երեւան/Մեդիամաքս/. «Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել է լավագույն միջազգային դասագրքերը Հայաստան ներմուծելու եւ դրանք հայերեն թարգմանելու ծրագիրը: 

Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է «Այբ»-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, Advanced Placement, International Baccalaureate, A Level համակարգերի եվրոպական եւ ամերիկյան, ինչպես նաեւ ռուսական մի քանի հազար դասագրքերից «Այբ» կրթական հիմնադրամն ընտրել է 300 նմուշ:

Նրա խոսքերով, առարկայական աշխատանքային խմբերի ջանքերով գրքերից ընտրվել են լավագույնները` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն եւ այլ առարկաներից: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ասել է, որ աշխատանքային խմբերում ներգրավված են գիտնականներ, ուսուցիչներ, ասպիրանտներ, ովքեր թարգմանում եւ խմբագրում են աշխարհի լավագույն հրատարակչությունների` Քեմբրիջի, Փիրսոնի, Օքսֆորդի դասագրքերը:

«Հենց այս դասագրքերն էլ հիմք կդառնան «Այբ» ավագ դպրոցի ուսումնական գործընթացի համար, որը 2011թ սեպտեմբերի 1-ին կընդունի իր առաջին 100 աշակերտներին: Մեր երկրի կրթական համակարգը չի կարող գոյություն ունենալ առանց որեւէ հզոր կրթական համակարգի հետ փոխգործակցության. ինքնուրույն լուծումները չեն ապահովում անհրաժեշտ մակարդակ»,- նշել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ ամերիկյան երեք համալսարաններում ավարտվել է հայաստանյան դպրոցների համար անգլերեն լեզվի դասագրքերի նախագծման գործընթացը, որի շնորհիվ ՀՀ շրջանավարտները կարող են հանձնել ընդունելության քննություններ միջազգային ուսումնական հաստատություններում:

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանում միջազգային դասագրքերի ներդրման ողջ ծրագիրը հիմնադրամն իրականացնում է սեփական ջանքերով` «Այբ» ակումբի անդամների շնորհիվ: