14:01 | 04.10.10 | Նորություններ | 3930

Synopsys Armenia-ն դարձել է ԱՄՆ պետքարտուղարի մրցանակի թեկնածու

Երեւան/Մեդիամաքս/. Synopsys Armenia ընկերությունն ընդգրկվել է ԱՄՆ պետքարտուղարի` գերազանց կորպորատիվ գործունեության համար շնորհվող ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխության փուլ անցած 12 ընկերությունների շարքում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունում, այդ 12 ընկերություններն ընտրվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած 78 հավակնորդների շարքից: Մրցանակի թեկնածուներ են ամերիկյան կապիտալով եւ ԱՄՆ սահմաններից դուրս գործող ընկերությունները:

«Synopsys Armenia-ն առաջադրվել է որպես ընկերություն, որը խթանում է ԱՄՆ եւ օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ ՏՏ ուսուցման ծրագրերի շուրջ եւ աշխատում է Հայաստանում աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ»,- նշել են դեսպանությունում: 

ԱՄՆ Պետքարտուղարի կողմից գերազանց կորպորատիվ գործունեության մրցանակը շնորհվում է 1999թ.-ից: 2010թ. մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան այս տարվա աշնանը: Մրցանակի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ԱՄՆ Պետքարտուղարության ինտերնետային կայքում (http://www.state.gov/e/eeb/ace/):