ՀԾԿՀ նախագահ Արտակ Շաբոյանը
14:53 | 22.09.10 | Նորություններ | 4775
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը /ՏՄՊՀ/ «ԱրմենՏել» ընկերությանը (Beeline ապրանքանիշ) տուգանել է 500 հազ. դրամով «սպառողներին մոլորության մեջ գցելու եւ անբարեխիղճ մրցակցության համար»:
Ինչպես նիստում հայտնել է ՏՄՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, 2010թ. մայիսին «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարել էր ակցիա «Hi-Line բոլորի համար» ինտերնետ-կապի ծառայության շրջանակներում, որը ենթադրում էր անվճար միացում, անվճար մոդեմ եւ մեկ ամիս անվճար ինտերնետ:
ՏՄՊՀ նախագահը տեղեկացրել է, որ հանձնաժողովը բողոք է ստացել սպառողից առ այն, որ անվճար ակցիայի շրջանակներում «ԱրմենՏել» ընկերությունը գանձում է 3000 դրամ Hi-Line-ի միացման համար, սակայն այդ տեղեկատվությունը բացակայում է Beeline-ի գովազդային հոլովակում:
Բողոքի հիման վրա հանձնաժողովը նախաձեռնել է վարչական վարույթ, որի շրջանակներում բացահայտվել է, որ ADSL մոդեմներ մատակարարող «АА-soft» ընկերությունը բաժանորդներին առաջարկում է վճարովի ծառայություն սոֆթ-ծրագիրը անձնական համակարգչում տեղադրելու համար, ինչը սպառողներին մոլորության մեջ է գցում, քանի որ «ԱրմենՏել»-ը տեղեկատվություն չի հրապարակում վճարովի ծառայության մասին:
Հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ գովազդային հոլովակում «անվճար միացում» բառակապակցության օգտագործումը «անվճար ակտիվացման» փոխարեն սպառողներին գցում է մոլորության մեջ եւ հանդիսանում է անբարեխիղճ մրցակցության դրսեւորում:
ՏՄՊՀ -ն «ԱրմենՏել» ընկերությանը հանձնարարել է դադարեցնել եւ հետագայում բացառել սպառողներին մոլորության մեջ գցող գովազդային արշավների անցկացումը:
«ԱրմենՏել»-ի իրավաբանական ծառայության պետ Դավիթ Սանդուխչյանը հայտարարել է, որ ընկերությունը պայմանագիր է ստորագրել «АА-soft» ընկերության հետ մոդեմների մատակարարման մասին, սակայն պայմանագրում բացակայում է անհատական համակարգչում մոդեմների վճարովի տեղադրման մասին կետը: Նրա խոսքերով, «ԱրմենՏել» ընկերությունը չի կարող պատասխանատվություն կրել երրորդ կողմի բիզնես-գործունեության համար:
Միաժամանակ, նա նշել է, որ մոդեմների անվճար կարգավորումների մասին անվճար տեղեկատվությունը առկա է օպերատորի պաշտոնական կայքում, սպառողների համար ուղեցույցում, ինչպես նաեւ տրամադրվում է 100 կարճ համարի միջոցով:
Դավիթ Սանդուխչյանը նշել է նաեւ, որ էլեկտրոնային տեխնիկա (հեռուստացույց, բջջային հեռախոս) գնելու դեպքում անհրաժեշտ է կարգավորում, որը կարող են իրականացնել ինչպես սպառողները, այնպես էլ մասնագետները որոշակի վճարի դիմաց: