14:00 | 08.09.10 | Նորություններ | 4155

    Digitec EXPO 2010-ի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդ ընկերություններին

    Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 29-31-ին Երեւանում կայանալիք Digitec EXPO 2010-ը տարածաշրջանի խոշորագույն տեխնիկական ցուցահանդեսն է, այսօր ասել է ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

    «Ակնկալվում է, որ այս տարի ցուցահանդես կայցելի 15 հազար մարդ»,- ասել է Կարեն Վարդանյանը` հիշեցնելով, որ նախորդ տարի այցելուների թիվը կազմում էր 12 հազար:

    Digitec EXPO 2010-ի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդ ընկերություններին:

    «Մինչեւ 2018թ. ՀՀ IT-հատվածի ընկերությունների թիվը նախատեսվում է հասցնել 1000-ի: Ներկայումս երկրում գործում են շուրջ 250 բարձր տեխնոլոգիական ձեռնարկություններ: Տարեցտարի նրանց թիվն ավելանում է միջինը 30-ով, ինչն անբավարար ցուցանիշ է»,- ասել է Կարեն Վարդանյանը:

    Ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 60 ընկերություններ:

    Ցուցահանդես կայցելի ցանցային սարքավորում արտադրող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի` D-link Corporation-ի նախագահը. D-Link-ի հայաստանյան ներկայացուցչությունն այս տարի հանդես է գալիս որպես Digitec EXPO-ի անցկացման գլխավոր հովանավոր:

    Ցուցահանդեսի «պլատինե» հովանավորն է VivaCell-MTS բջջային օպերատորը: