09:48 | 09.08.10 | Նորություններ | 2875

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ձգտում է նորարարությունների, հայտարարել է ընկերության ղեկավարը

Երեւան/Մեդիամաքս/. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ դեպի հաճախորդների պահանջմունքները կողմնորոշված ցանկացած ընկերության համար նորարարությունները պետք է լինեն հիմնական առաջնահերթությունը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է Exceptional ամսագրի հետ հարցազրույցում, որը հրատարակում է «Էրնեստ ենդ Յանգ» աուդիտորական ընկերությունը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ցանկանում է, որ հայ սպառողների համար հասանելի լինեն գիտատեխնիկական առաջընթացի բոլոր նվաճումները: Մենք ջանք չենք խնայում համաշխարհային տեխնոլոգիաների տեղայնացման համար. ոչինչ չպետք է խանգարի Հայաստանի բնակիչներին օգտվել տեխնոլոգիական վերջին ձեռքբերումների պտուղներից, որոնք հասանելի են զարգացած այլ երկրների բնակչությանը»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Խոսելով ընկերության կայացման առաջին փուլի մասին` նա որպես հիմնական բարդություն նշել է մասնագետների անբավարարությունը: Ռալֆ Յիրիկյանն ասել է, որ նախապատվությունը տվել է երիտասարդությանը ուսանողական նստարանից: «Նաեւ կորպորատիվ արժեքներն են ավելի լավ յուրացվում երիտասարդ տարիքում: Այդպիսի մոտեցման շնորհիվ մեզ հաջողվեց ձեւավորել համախոհների կոլեկտիվ, որոնք ունեն ընդհանուր նպատակներ»,- նկատել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ղեկավարը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայաստանյան ընկերություն է եւ միշտ կմնա այդպիսին: ՄՏՍ-ի շնորհիվ մենք ելք ենք ունենում միջազգային շուկա, ինչպես նաեւ ստանում գիտելիքներ, որոնք թույլ են տալիս հայ սպառողներին մշտապես հասանելի դարձնել առաջատար տեխնոլոգիաները»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը: