13:47 | 06.08.10 | Նորություններ | 10348
Երեւան/Մեդիամաքս/. www.dasaran.am օնլայն օրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունում:
Ինչպես նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կայքը մասնավոր նախաձեռնություն է եւ կոչված է աջակցելու կրթական գործընթացների բարելավմանը եւ դպրոցներում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:
Արմեն Աշոտյանն ասել է, որ նոր կայքը փաստորեն հանդիսանում է դպրոցական օրագրի եւ մատյանի էլկտրոնային տարբերակը, որը դյուրացնում է ուսուցիչների, աշակերտների եւ ծնողների միջեւ կապը: Մասնավորապես, կայքը ծնողներին հնարավորություն է ընձեռում ամեն օր հետեւել իրենց երեխաների առաջադիմությանը եւ օնլայն ռեժիմով կապ պաշտպանել դպրոցի ուսուցիչների եւ տնօրենի հետ:
“Կայքը նաեւ հնարավորություն կտա նախարարությանը հետեւել աշակերտների աջադիմության վիճակագրությանը եւ վերլուծել հանրակրթության ոլորտում տիրող իրավիճակը”,- ասել է նախարարը:
Նրա խոսքերով, օնլայն-օրագրի կիրառումը կամավոր բնույթ ե կրելու. նախարարությունը կարող է միայն առաջարկել այն իր ենթակայության տակ գտնվող դպրոցներին:
“Inter Scool Connect” ընկերության ներկայացուցիչ Պավել Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օնլայն-օրագրի ամսեկան վճարը կկազմի 2000 դրամ:
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր դպրոցում ներկա կգտնվեն ընկերության ներկայացուցիչներ, ովքեր ուսումնական օրվա ավարտին կայք կմուտքագրեն տվյալները: Կայքի յուրաքանչյուր օգտագործող կունենա սեփական մուտքանունը եւ ծածկագիրը:
Արմեն Աշոտյանը ասել է, որ 2012 թ-ին կառավարությանը կավարտի Հայաստանի հանրակրթական դպրոցների համակարգիչներով հագեցման եւ Ինտերնետ մատչման գործընթացը: