11:10 | 29.07.10 | Նորություններ | 2923

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ֆինանսավորել է հակակարկտային նոր կայանների տեղադրումը

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը 44 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզի 3 գյուղերոմ` Քարակերտում, Վանանդում եւ Ծաղկալանջում հեռահար կառավարմամբ «Զենիթ» հակակարկտային 6 կայանների տեղակայման նպատակով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, 2008 թվականից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ Արմավիրի մարզի մի շարք գյուղերոմ տեղակայվել եւ փորձարկվել է «Զենիթ» հակակարկտային 15 կայան:

«Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ ներդրված ջանքերը արդյունքի վերածվելու ճանապարհին կարող են ապարդյուն լինել: Բնության քմահաճույքը հողի մշակը հաճախ զգում է իր ընտանիքին հասցված նյութական վնասի տեսքով: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գիտակցում է, որ այդ վնասը գլոբալ առումով կրում է մեզանից յուրաքանչյուրը, քանի որ տուժում է երկրի տնտեսությունն առհասարակ: Տարատեսակ սոցիալական ծրագրերին աջակցելու մեր որդեգրած ռազմավարությունը բխում է պատասխանատու լինելու մոտեցումից: Ի վերջո, բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք մենք` Հայաստան երկրի համար են»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: