15:22 | 21.07.10 | Նորություններ | 5301

Բերդում բացվեց «ԱյբԼաբ»` ինֆորմատիկա ուսումնասիրելու համար

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Այբ» կրթական հիմնադրամի «ԱյբԼաբ» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ինֆորմատիկա» առարկայի ուսումնական լաբորատորիայի բացումը:

Ինֆորմատիկայի այս լաբորատորիան համալրված է տասը համակարգիչներով և նախատեսված է մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների հետ տեսական և գործնական պարապմունքներ կազմակերպելու համար: Այս լաբորատորիան մտնում է բոլոր «ԱյբԼաբ»-երը միավորող միասնական ցանցի մեջ` ապահովելով փորձի փոխանակումը, ռեսուրսների համատեղ օգտագործումը, կառավարման ընդհանուր տեխնոլոգիաների կիրառումը եւ այլն:

Ինֆորմատիայի «ԱյբԼաբ»-ը հովանավորվել է «Այբ» կրթական ակումբի հիմնադիր անդամ, ֆինանսիստ Արթուր Բերդի (Ֆրանսիա / ԱՄՆ) կողմից:

«Այբ» կրթական հիմնադրամը, ի թիվս Հայաստանի կրթական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այլ ծրագրերի, նախագծում և դպրոցներում տեղադրում է արդիական ուսումնական լաբորատորիներ:

Առաջին «ԱյբԼաբ»-երը` քիմիա եւ ֆիզիկա առարկաներից, ստեղծվել են Երևանի Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ընթացքի մեջ են Երեւանի եւ մարզերի մի շարք դպրոցներում տարբեր առարկաների ուսումնական «ԱյբԼաբ»-երի գործարկման ծրագրերը: