16:31 | 16.07.10 | Նորություններ | 3061

Orange-ը շարունակում է աջակցել աուտիզմով հիվանդ երեխաներին

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia-ի աջակցության շնորհիվ աուտիզմով հիվանդ երեխաները կարող են ամառային հանգիստն անցկացնել Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Orange-ի մամուլի ծառայությունում, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի եւ «ԱրԲեՍ» ցերեկային բուժման կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում մարզային վերականգնողական մասնաճյուղերի խնամքի տակ գտնվող երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

Ծրագրի շրջանակներում 7-ից 14 տարեկան երեխաների համար կկազմակերպվի 2-շաբաթյա հանգիստ առողջարանային ճամբարում, որտեղ բուժմանը զուգընթաց երեխաները կարող են զբաղվել բազմաթիվ խաղերով, մասնակցել միջոցառումների եւ այլն:

Ամառային առողջարանային ճամբարը Orange-ի կողմից ֆինանսավորվող 8-ամսյա ծրագրի մի մասն է:

Մայիսի 25-ից հունիսի 30-ը կազմակերպվել են հատուկ վերապատրաստման դասընթացներ աուտիզմով հիվանդ երեխաների ծնողների եւ խնամակալների համար, իսկ սեպտեմբերին տեղի կունենան դասընթացներ երեխաների խնամքով զբաղվող բուժանձնակազմի, ընտանեկան բժիշկների, սոցիալական աշխատողների, դպրոցի մանկավարժների եւ դպրոցականների համար:

Ծրագրի իրականացման համար Orange-ը հատկացրել է ընդհանուր առմամբ 25 մլն 170 հազար դրամ: