12:17 | 16.07.10 | Նորություններ | 2902

ՀԲ-ն կտրամադրի $24 մլն «Էլեկտրոնային հասարակությունը եւ նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագրին

Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային բանկը /ՀԲ/ Հայաստանին կտրամադրի $24 մլն` «Էլեկտրոնային հասարակությունը եւ նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագրի իրականացման նպատակով:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԲ տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների գլխավոր մասնագետ Խուան Նավաս-Սաբատերը:
 
Նա ընդգծել է, որ ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում էլեկտրոնային հասարակության եւ դրա ենթակառուցվածքի զարգացումը, ինչպես նաեւ աջակցությունը տեղական IT-ընկերություններին միջազգային շուկա մտնելու հարցում: Խուան Նավաս-Սաբատերի խոսքերով, ծրագիրը թույլ կտա նաեւ ավելացնել քաղաքացիների հասանելիությունը լայնաշերտ ինտերնետին: Ծրագրի բաղադրիչ մասն են կազմում նաեւ էլեկտրոնային անձնագրի ներդրումն ու «Համակարգիչ բոլորի համար» նախագիծը:

Խուան Նավաս-Սաբատերն ընդգծել է, որ ծրագիրը վերջնական կհաստատվի հոկտեմբերին Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդում, սակայն ՀԲ-ն արդեն հատկացրել է $3 մլն դրա իրականացման համար: Նա ընդգծել է նաեւ, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է նաեւ ՀՀ կառավարության մասնակցությունը $6 մլն-ի սահմաններում:

«Էլեկտրոնային հասարակությունը եւ նորարարությունը մրցունակության խթանման համար» ծրագիրը հաշվարկված է 4 տարվա համար: