16:35 | 29.06.10 | Նորություններ | 3188

Քրեյգ Բարեթը կարծում է, որ Հայաստանին օգտակար կլինի ուսումնասիրել IT-արդյունաբերության հարկային խթանման փորձը

Intel կորպորացիայի նախկին ղեկավար Քրեյգ Բարեթը կարծում է, որ ՀՀ իշխանություններին օգտակար կլինի ուսումնասիրել IT-հատվածի հարկման այլ երկրների փորձը: 

Քրեյգ Բարեթը, ով նախօրեին ստացել է ՀՀ նախագահի մրցանակը IT զարգացման ոլորտում համաշխարհային ներդրման համար, այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ բազմաթիվ երկրներ օգտագործում են հարկային խթաններ: Նա օրինակ է բերել Ռումինիան, որը ծրագրավորողներին ամբողջությամբ ազատել է եկամտահարկի վճարումից: 

Քրեյգ Բարեթն ասել է, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի եւ էկոնոմիկայի նախարարի հետ, ում հետ քննարկել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կրթության որակի բարձրացման ծրագրերը: 

«Ես գիտեմ, որ Intel-ը շահագրգռված է Հայաստանում կրթական ծրագրեր իրականացնելու: Այսօր ես չեմ կարող խոսել կորպորացիայի անունից, սակայն գիտեմ, որ Intel-ում քննարկում են երկրում ներդրումներ կատարելու հնարավորությունը»,- ասել է Քրեյգ Բարեթը: