14:32 | 15.06.10 | Նորություններ | 3442

Այս տարի “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մշակութային նախագծերին հատկացվող միջոցները կգերազանցեն 1 մլրդ. դրամը

Երեւան/Մեդիամաքս/. Բջջային օպերատոր “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ներդրումները մշակութային նախագծերում 2010 թ-ին կկազմեն 1 մլրդ. 86 մլն. դրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Նա նշել է, որ 2006 թվականից ընկերությունը շարունակաբար աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը, սատարում է կինեմատոգրաֆիայի, երաժշտության, պատմության բնագավառներում  տարբեր նախաձեռնություններին:

“Մշակույթը աշխարհի հետ երկխոսության միջոց է, երկրի եւ ժողովրդի մասին պատմելու, ազգային ինքնատիպությունը ներկայացնելու հնարավորություն, եւ մենք` իբրեւ սոցիալական պատասխանատվություն կրող ընկերություն, ջանում ենք փոխանցել մեր մշակութային ժառանգությունը հասարակության լայն շերտերին եւ աջակցել երիտասարդ սերնդի մշակութային դաստիարակությանը”, - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Հասմիկ Պողոսյանը նշել է, որ ““ՎիվաՍել-ՄՏՍ”-ը նախարարության հետ հավասարաչափ ստանձնել է Հայաստանի մշակույթի զարգացման պատասխանատվությունը”:

““ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը” տարիներ շարունակ սատարում է այնպիսի խոշոր նախագծերի, ինչպիսիք են “Ոսկե Ծիրան” կինոփառատոնը, “Ազգային պատկերասրահ” երաժշտական փառատոնը”,- հիշեցրել է նախարարը: