16:39 | 10.06.10 | Նորություններ | 3292

«ԱրմենՏել»-ը գործարկել է Safe.beeline.am ռեսուրսը` նվիրված բջջային խարդախության դեմ պայքարին

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել»-ը այսօր գործարկել է Safe.beeline.am հատուկ տեղեկատվական ռեսուրսը` նվիրված բջջային խարդախության դեմ պայքարին:

Ինչպես կայքի շնորհանդեսին ասել է «ՎիմպելԿոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արտյոմ Մինաեւը, Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ Beeline-ը գործարկել է բջջային խարդախությունից պաշտպանվելու տեղեկատվական ռեսուրս:

«ԱրմենՏել»-ի հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը հայտնել է, որ Հայաստանում բջջային խարդախությունն իրականացվում է հիմնականում «Լիցքավորիր իմ հաշիվը» ծառայության եւ sms-խաղարկությունների միջոցով: Նա բաժանորդներին կոչ է արել խուսափել անծանոթ հեռախոսահամարներից եւ ծանոթանալ բջջային խարդախությունից պաշտպանվելու հիմնական կանոններին:

«ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն ասել է, որ Safe.beeline.am կայքը գործարկվել է «Բջջային գրագիտություն» ծրագրի շրջանակներում: Նրա խոսքերով, ընկերությունն իր բաժանորդներին առաջարկում է նաեւ օգտվել անվճար խորհրդատվությունից` զանգահարելով 06-06-555 հեռախոսահամարով, որի օգնությամբ կարելի է ծանոթանալ բջջային խարդախության տեսակների ու դրանցից պաշտպանվելու վերաբերյալ առավել արդիական տեղեկատվության: