14:51 | 09.06.10 | Նորություններ | 3938
Երեւան/Մեդիամաքս/. Բելգիայի կառավարությունը հաստատել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա Միջուկային բժշկության կենտրոնի ստեղծման նախագծին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այդ մասին այսօր ասել է ՀՀ Ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 7-8 մլն եվրո, որից 5 մլն եվրոն կհատկացվի բելգիական բանկի կողմից 13 տարի ժամկետով` առաջին 3 տարում առանց վարկի սպասարկման վճարի: Մնացած 2-3 մլն եվրոն պետք է տրամադրի ՀՀ կառավարությունը:
Վարկային միջոցները կուղղվեն ցիկլոտրոնային արագացուցչի ձեռք բերմանը` ուռուցքային հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման ու բուժման նպատակով: ՀՀ կառավարության տրամադրած միջոցները կուղղվեն շինարարական ու կազմակերպչական աշխատանքների կատարմանը:
Միջուկային բժշկության կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 2012-13 թվականներին: