12:36 | 09.06.10 | Նորություններ | 3679

Բացվել է «DigiTec Business 2010» միջազգային ցուցահանդես-ֆորումը

Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում բացել է «DigiTec Business 2010» միջազգային ցուցահանդես-ֆորումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ցուցահանդեսի բացմանը Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման միջոցառումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը: Նա ընդգծել է, որ դա IT-ոլորտի աշխատակիցների համար նոր պայմանագրեր կնքելու, միմյանց հաջողություններին ծանոթանալու եզակի հնարավորություն է, իսկ մյուս կողմից` ազդանշան է հասարակության համար երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման փուլի մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է, որ «DigiTec»-ը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ, եւ տարեցտարի ֆորումի մասնակիցների թիվը զգալիորեն աճում է:

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է IT-ոլորտի որոշ ցուցանիշներ ` նշելով, որ նկատվում է կայուն աճի միտում: Չնայած Հայաստանում ՀՆԱ անկմանն ու տնտեսական ճգնաժամին, 2009թ. այդ ոլորտում արձանագրվել է աճ: Վարչապետը նկատել է, որ 2009թ. IT-ոլորտի եկամուտը կազմել է $130 մլն, որից $70-ը բաժին է ընկել արտահանմանը: Նա ընդգծել է նաեւ, որ ՀՀ ՀՆԱ կառուցվածքում IT-ի մասնաբաժինն արդեն կարելի է համադրել հանքահումքային արդյունաբերությանը: ՀՀ IT-ոլորտն ունի 5 հազար աշխատակից: 

ՀՀ կառավարության ղեկավարը նկատել է, որ ֆորումի կարեւորագույն խնդիրներից մեկը ՀՀ տարածքում երկակի նշանակության ապրանքատեսակների ու տեխնոլոգիաների առաջխաղացումն ու արտահանումն է: Նա նկատել է, որ խնդրի լուծման նպատակով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկայում կներկայացնի իր առաջարկները:

«DigiTec Business 2010» ցուցահանդես-ֆորումում բացի հայաստանյան ընկերություններից, մասնակցում են նաեւ ընկերություններ Ալբանիայից, Բուլղարիայից, Բոսնիա եւ Հերցեգովիանյից, Հոլանդիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Մակեդոնիայից եւ Ռումինիայից: