14:03 | 12.05.10 | Նորություններ | 2840
Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն /ՀԾԿՀ/ այսօր դադարեցրել է ձայնային ծառայություններ մատուցող 6 ընկերությունների արտոնագրերը:
Ինչպես այսօր կայացած նիստում հայտնել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, արտոնագրերի գործողությունը դադարեցվել է պետական եւ լիցենզիոն տուրքերը չվճարելու պատճառով:
Ընկերությունների ներկայացուցիչները նիստում հայտարարել են, որ ձայնային ծառայությունների մատուցումը «վնասաբեր բիզնես» է դարձել, քանի որ հեռախոսային խոշոր օպերատորները, մասնավորապես, Beeline-ը, «ճնշում են փոքրերին»: ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանը նշել է, որ հեռախոսային խոշոր օպերատորները մեծ ներդրումներ են կատարել ենթակառուցվածքների զարգացման համար, եւ դա նրանց թույլ է տալիս մրցունակ լինել: Նա փոքր ընկերություններին կոչ է արել հետեւել VoIP-ծառայության զարգացման համաշխարհային փորձին եւ ընթանալ խոշորացման ուղով: