«ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
17:28 | 05.05.10 | Նորություններ | 2972
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում 4G ցանցի ներդրման համար անհրաժեշտ է լուծել մի շարք կարգավորչական հարցեր, այսօր Երեւանում հայտարարել է «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Իգոր Կլիմկոն հստակեցրել է, որ չորրորդ սերնդի ցանցի ներդրման համար կարգավորողը պետք է սկսի օպերատորներին տրամադրել 4G հաճախականություններ:
«ԱրմենՏել»-ի ղեկավարի խոսքերով, ընկերությունը կարճաժամկետ հեռանկարում չի նախատեսում 4G ցանցի ներդրում եւ գերադասում է կենտրոնանալ արդեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացման վրա:
Պատասխանելով «ԱրմենՏել»-ի սակագնային քաղաքականության փոփոխման մասին հարցին` շուկայում ֆիքսված կապի նոր օպերատորների ակնկալվող մուտքի լույսի ներքո` Իգոր Կլիմկոն հիշեցրել է, որ ֆիքսված հեռախոսակապի սակագները որոշում է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, եւ ընկերությունը չի կարող դրանք փոխել:
Մեկնաբանելով Armix ինտերնետ-թրաֆիկի փոխանակման հիմնադրամի ստեղծումը` Իգոր Կլիմկոն ափսոսանք է հայտնել, որ դրա հիմնադիրներն «ԱրմենՏել»-ին քննարկումների են հրավիրել միայն «որպես կապի միասնական օպերատորի, եւ մեզ միայն կանգնեցրել են նման կառույցի ստեղծման փաստի առջեւ»:
«Այնուամենայնիվ, մենք բաց ենք քննարկումների համար»,- ամփոփել է Իգոր Կլիմկոն: