14:05 | 29.04.10 | Նորություններ | 3103

    Համակարգչային “պիրատության” մակարդակը Հայաստանում նվազել է մինչեւ 90%

    Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում չարտոնագրված ծրագրային ապահովման տարածվածությունը 2009 թվականի տվյալներով կրճատվել է 2 տոկոսով` 92%-ից 90%:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում ասել է Հայաստանում Business Software Alliance (BSA) կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:

    Նրա խոսքերով, պիրատության մակարդակի նվազումը ձեռք է բերվել BSA-ի եւ Հայաստանի Ոստիկանության կողմից սկավառակների եւ համակարգչային տեխնիկայի խանութներում անցկացվող կանոնավոր ստուգումների շնորհիվ:

    2008 թվականի արդյունքներով, չարտոնագրված ծրագրային ապահովման տարածվածության մակարդակով Հայաստանը զիջում էր միայն Վրաստանին եւ Բանգլադեշին:

    Խոսելով Հայաստանի խորհրդարանի կողմից հեղինակային իրավունքների պաշտպանության մասին օրինագծի ընդունումից ակնկալվող արդյունքներից, Նարինե Մկրտչյանը ասել է, որ օրենքի կիրառումը կարող է մեկ քառորդով նվազեցնել պիրատության մակարդակը: