14:05 | 12.04.10 | Նորություններ | 2550

Orange-ը սկսել է «Ամեն ինչ փոխադարձ է» բոնուսային ծրագիրը

Երեւան/Մեդիամաքս/. Orange ընկերությունը այսօր սկսել է իր բոնուսային ծրագիրը «Ամեն ինչ փոխադարձ է» կարգախոսի ներքո:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են բջջային կապի օպերատորի մամուլի ծառայությունում, Orange-ի բոնուսային ծրագիրն ընկերության բաժանորդներին հնարավորություն է տալիս մշտապես փոխհատուցում ստանալ իրենց կատարած վճարումների, կատարած եւ ստացած զանգերի համար:

«Խոսենք» եւ «Ամեն ամիս» ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան բոնուսային միավորներ դեպի Հայաստանի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր, ինչպես նաեւ դեպի միջազգային համարներ կատարած եւ նրանցից ստացած զանգերի համար: Ավելին, «Խոսենք» ծառայության բաժանորդները միավորներ կհավաքեն նաեւ յուրաքանչյուր ամիս կատարված 1500 դրամը գերազանցող լիցքավորումների համար:

Մայիսից սկսած, բոնուսային միավորները կարելի է փոխարկել րոպեների կամ կարճ հաղորդագրությունների դեպի Orange համարներ կամ ՀՀ այլ ցանցեր: