17:07 | 25.03.10 | Նորություններ | 3659

«Ցանցային պատրաստվածության ցուցանիշով» Հայաստանը զբաղեցնում է 101-րդ տեղը

Երեւան/Մեդիամաքս/. Համաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ տարեկան հաշվետվությունում 133 երկրների թվում Հայաստանը «Ցանցային պատրաստվածության ցուցանիշով» (Networked Readiness Index, NRI) զբաղեցնում է 101-րդ տեղը` նախորդ ցուցանիշի համեմատ բարձրանալով 13 կետով: 

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՏՖ երեւանյան գործընկերոջ` «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

Նրա խոսքերով, հաշվետվության հիմքում ընկած է պատրաստվածության ցուցանիշը, որն արտացոլում է երկրների մասնակցության աստիճանը տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման եւ դրանց կիրառման գործին, ինչը նպաստում է երկրների միջեւ մրցունակության բարձրացմանը: Մանուկ Հերգնյանը նշել է, որ ցուցանիշը ձեւավորվում է ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության մակարդակի 67 չափանիշների: Այս տարի Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը բջջային ցանցի միացման (54-րդ տեղ), ինչպես նաեւ բիզնեսի գրանցման գործընթացների (32-րդ տեղ) բնագավառներում:

«Ամենաբացասական միտումները դիտարկվում են կառավարության կրթական ծախսերի ոլորտում»,- ասել է կենտրոնի տնօրենը:

Չնայած Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) ոլորտի առաջնահերթությանը, պետական մարմիններում IT տարածման մասով երկրի վարկանիշը վատթարացել է (120-րդ տեղ):

Ադրբեջանն ու Վրաստանը «Ցանցային պատրաստվածության ցուցանիշով» զբաղեցրել են, համապատասխանաբար, 64-րդ եւ 93-րդ տեղերը: