11:48 | 06.03.10 | Նորություններ | 3501
Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 1-ից 5-ը “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի կոմերցիոն վարչության վաճառքների, մարքեթինգի և հաղորդակցման բաժինների ներկայացուցիչներն ինտերակտիվ դասընթացներ անցկացրեցին հայաստանյան բուհերի ուսանողների համար՝ ընկերության գործունեության սկզբունքների մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրեցին “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, դասընթացների ընթացքում ուսանողները ծանոթացան ընկերության ռազմավարական մարքեթինգի կառավարման, մարքեթինգային ուսումնասիրությունների, հետվճարային և կանխավճարային ապրանքների մշակման, ապրանքների և ծառայությունների գովազդի և խթանման, կորպորատիվ վաճառքների, առաքման ուղիների և հատուկ հաճախորդների հետ աշխատանքի, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսության և կիրառման, ինչպես նաեւ հասարակության հետ կապերի, մասնավորապես` կորպորատիվ հաղորդակցություն և հեղինակության կառավարման հետ:
Դասընթացների ընթացքում “ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մասնագետները գործնական օրինակներ էին օգտագործում ընկերության փորձից: Մարթեքինգի մասնագետների օգնությամբ ուսանողները ստեղծեցին հատուկ` “Ուսանող” սակագնային փաթեթը:
Ինչպես ուսանողներին ավարտական վկայականներ հանձնելու արարողության ընթացքում նշեց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բոլոր գործատուներն անխտիր ցանկանում են, որ իրենց մոտ աշխատեն բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում հմտություններ ունեցող մարդիկ:
“Ապագայում, երբ հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն ավելի զարգացած լինեն, կսկսվի ավելի շատ զգացվել տեխնոլոգիաներին տիրապետող երիտասարդների պահանջարկը, ովքեր և կդառնան գործարարության ոլորտում ապագայի առաջնորդներ”, - ասաց Ռալֆ Յիրիկյանը: