13:26 | 24.02.10 | Նորություններ | 3758

ՀԾԿՀ-ն հաստատել է բջջային ցանցերի եւ այլընտրանքային ֆիքսված օպերատորների միջեւ փոխկապակցման սակագների ժամանակացույցը

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ այսօր հաստատել է “ԱրմենՏել”, “ՎիվաՍել-ՄՏՍ” եւ Orange Armenia բջջային ցանցերի եւ այլընտրանքային ֆիքսված օպերատորների միջեւ փոխկապակցման սակագների ժամանակացույցը:

Ինչպես այսօր կայացած նիստում տեղեկացրել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, որոշման համաձայն, օպերատորները հնարավորություն են ստացել անարգել ստորագրել փոխկապակցման պայմանագրեր: 

ՀԾԿՀ կողմից հաստատված սակագնային պլանի համաձայն, 2010թ. հունվարի 1-ից բոլոր օպերատորները պարտավորվում են փոխկապակցման սակագները փուլ առ փուլ նվազեցնել 10-ից 60%-ով, իսկ 2011թ. հուլիսի 1-ից կապի բոլոր օպերատորները պետք է ներդնեն փոխկապակցման միասնական սակագին` 11.4 դրամ:

Նույն ժամանակահատվածում նախատեսվում է բջջայինից ֆիքսված ցանց զանգերի վերջնավորման սակագինը 9.72-ից դարձնել 9 դրամ:

“ԱրմենՏելի” (Beeline ապրանքանիշ) իրավաբանական ծառայության պետ Դավիթ Սանդուխչյանը գոհունակություն է հայտնել հանձնաժողովի որոշումից` նշելով, որ այն դարձել է փոխկապակցման տիպային պայմանագրի հաստատման հայտի տրամաբանական շարունակությունը:

Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան եւս հավանություն է տվել հանձնաժողովի որոշմանը: