16:35 | 19.02.10 | Նորություններ | 6123
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը այսօր Երեւանում հանդիպել է բազմալեզու օնլայն թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին, որը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում, ծրագիրն ապահովում է արեւելահայերենից արեւմտահայերեն, արեւմտահայերենից արեւելահայերեն, երկու հայերեններից անգլերեն եւ հակառակ ուղղությամբ թարգմանություններ:
Խմբի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը ՀՀ նախագահին է ներկայացրել ծրագիրը, դրա ընդլայնման, կատարելագործման եւ կիրառման հեռանկարները: Նա ասել է, որ ծրագրի www.translator.am կայքից արդեն օգտվում են օրական մոտ 1300 այցելուներ, որոնց զգալի մասը սփյուռքի ներկայացուցիչներ են:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի աշխատանքային խմբում Հայաստանից եւ սփյուռքից բարձրակարգ լեզվաբաններ ընդգրկելուն, ինչպես նաեւ ծրագրի հետագա կատարելագործման համար գիտաժողով կազմակերպելուն վերաբերող հարցեր: