09:20 | 25.01.10 | Նորություններ | 3672
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ անդամ Սամվել Արաբաջյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հստակ սահմանազատել մեծածախ եւ մանրածախ ինտերնետի շուկաները:
Այդ մասին է Սամվել Արաբաջյանը հայտարարել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում` մեկնաբանելով մանրածախ ինտերնետի սակագների առաջիկա իջեցման վերաբերյալ ակնկալիքները:
ՀԾԿՀ անդամը հիշեցրել է, որ ՀՀ ինտերնետային կապի մեծածախ շուկայում առկա են երեք դերակատարներ` «ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ), FiberNet Communications-ը եւ GNC Alfa-ն, որոնցից առաջին երկուսը ՀԾԿՀ կողմից ճանաչվել են որպես շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող, իսկ երրորդ ընկերությունը շուկայում հայտնվել է համեմատաբար վերջերս:
«Մեր շուկայի սահմանափակության լույսի ներքո կարգավորողը պարտավոր էր արձագանքել մեծածախ ինտերնետի շուկայում գնային իրավիճակին, եւ 2009թ. վերջում որոշում ընդունեց մեծածախ ինտերնետի գները մոտավորապես 9 անգամ իջեցնելու վերաբերյալ»,- ասել է Սամվել Արաբաջյանը:
Միաժամանակ, նրա խոսքերով, տնտեսական տեսանկյունից սխալ է գնահատել ինտերնետ պրովայդերների ընդհանուր բիզնեսը մեկ բաղադրիչի հիման վրա:
«Պետք չէ պրովայդերներից սպասել անհապաղ արձագանք միջազգային IP-թրաֆիքի գների իջեցմանը, քանի որ մանրածախ ինտերնետի գնագոյացման մեջ IP-թրաֆիքի մասնաբաժինը կազմում է ընդամենը 15-20%»,- նկատել է ՀԾԿՀ ներկայացուցիչը:
Սամվել Արաբաջյանը հիշեցրել է նաեւ ընկերությունների կողմից բաժանորդներին տարբեր մոդեմների անվճար տրամադրման մասին, որոնց արժեքի սուբսիդավորումը հնարավոր է դարձել մեծածախ ինտերնետի գների տարբերության շնորհիվ:
«Այդպիսով ընկերությունները ներդրումներն ուղղում են ենթակառուցվածքի զարգացմանը, երկրի բնակչության համար ինտերնետային ծառայությունների մատչելիության, ինչպես նաեւ բաժանորդային բազայի ապահովմանը»,- նշել է ՀԾԿՀ անդամը:
Սամվել Արաբաջյանն ասել է, որ հանձնաժողովը հետեւելու է ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկային` խոշոր դերակատարների կողմից հնարավոր դեմպինգի կանխման նպատակով, ինչը կարող է հանգեցնել միջին ընկերությունների ներդրումների ետհոսքին:
Նա ընդգծել է, որ հանձնաժողովը կատարում է շուկայի մշտական մոնիթորինգ եւ վերահսկում է իրավիճակը, եւ «հանձնաժողովի հասցեին քննադատությունները կասկածամիտ մասնագետների կողմից, ովքեր ինտերնետային ծառայությունների տեսակները չեն տարբերում ընկերությունների ապրանքանիշից, անարդար է»:
Խոսելով ՀՀ ինտերնետային ծառայությունների շուկայի զարգացան միտումների մասին` Սամվել Արաբաջյանն ասել է, որ 2010թ. ընթացքում սպասվում է միջազգային թրաֆիքի սպառման կրկնակի աճ, ինչը կհանգեցնի ՀՀ սահմանին ինտերնետ-թրաֆիքի ինքնարժեքի նվազեցմանը: