12:08 | 28.12.09 | Նորություններ | 4112

Երեւանում կբացվի Microsoft-ի նորարարական կենտրոնը

Երեւան /Մեդիամաքս/. 2010թ. կեսերին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /ՀՊՃՀ/ կսկսի գործել Microsoft-ի նորարարական կենտրոնը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր կենտրոնի հիմնադրման մասին համաձայնագիր են ստորագրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը եւ ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը: 

Հայաստանում Microsoft-ի նորարարական կենտրոնի հիմնադիրներն են ՀՀ կառավարությունը` ի դեմս “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը եւ ՀՊՃՀ-ն:

Ինչպես հայտնել է Ոստանիկ Մարուխյանը, կենտրոնը զբաղվելու է հայաստանյան բուհերի դասախոսների, ուսանողների, IT ընկերությունների մասնագետների պատրաստմամբ եւ վերապատրաստմամբ, ինչպես նաեւ անցկացնելու է Microsoft-ի հավաստագրված դասընթացներ:

Ներսես Երիցյանը հույս է հայտնել, որ կենտրոնի ստեղծումը խթան կհանդիսանա ՀՀ IT ոլորտի ընկերությունների զարգացման համար, որոնք օժանդակություն կստանան հայաստանյան եւ համաշխարհային շուկաներում սեփական ապրանքատեսակների առաջխաղացման համար:

Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ Microsoft-ի նորարարական կենտրոններ են գործում աշխարհի 40 երկրներում, իսկ Հայաստանում ստեղծվող կենտրոնը կդառնա առաջինը Հարավային Կովկասում: