15:30 | 21.12.09 | Նորություններ | 3662

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը եւ “Մեդիամաքսը” գործիքներ նվիրեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցին

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորի եւ “Մեդիամաքս” լրատվական գործակալության ղեկավարներն այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց եւ սաներին նվիրեցին երաժշտական գործիքներ:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցին նվիրեց  8 ջութակ, 2 ֆլեյտա, ինչպես նաեւ մեկական սոպրանո սաքսոֆոն եւ սինթեզատոր: “Մեդիամաքսը” եւս ունեցավ իր համեստ ներդրումը` դպրոցին նվիրելով երկու կիթառ:

Համատեղ այցելությունը կայացավ “Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին” (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որն իրականացնում են ՙՄեդիամաքս՚ գործակալությունը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Նախագծի շրջանակներում միջոցներ են հավաքագրվում տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով:

Ս.թ. դեկտեմբերի 4-ին կայացած մամլո ասուլիսում “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու ՙՄեդիամաքսի՚ տնօրեն Արա Թադեւոսյանը հայտարարեցին, որ Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում հանդես կգա բարեգործական երկու համերգով: Համերգների գլխավոր հովանավորն է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը, ինչի շնորհիվ ամբողջ հասույթը կուղղվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: 

“Մեր նպատակն է օգնել այս դպրոցի վերակառուցմանը: Գիտակցում ենք, որ դա այնպիսի  գործընթաց է, որը կպահանջի զգալի ջանքեր եւ ժամանակ: Այդ պատճառով, քանի դեռ  ճանապարհի սկզբին ենք, որոշեցինք Նոր տարվա շեմին մի փոքրիկ նվեր մատուցել դպրոցի երեխաներին: Հուսով ենք, որ երաժշտական նոր գործիքները կնպաստեն, որպեսզի սաներն  առավել հաճույքով զբաղվեն երաժշտությամբ եւ դրսեւորեն իրենց ներուժը”,- ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

“Մենք ուզում ենք այս դպրոցը վերակառուցված տեսնել: Այդ նպատակի շուրջ են համախմբվել Հայաստանի բջջային առաջատար օպերատոր “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը, համաշխարհային մեծության աստղ Իէն Գիլանը եւ ավստրալիական Do Something-ը: Վստահ եմ, որ կհասնենք մեր նպատակին, եւ երեխաները վերջապես դուրս կգան այս տնակներից: Իսկ մինչեւ դա իրականություն դառնա, փորձելու ենք ամեն կերպ աջակցել դպրոցին: Այսօրվա միջոցառումն առաջին քայլն է”,- ասաց “Մեդիամաքսի” տնօրեն Արա Թադևոսյանը: