17:09 | 17.11.09 | Նորություններ | 3101
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը եւ GNC-Alfa ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որի արդյունքում բջջային օպերատորը հնարավություն կստանա կառուցել սեփական արագընթաց օպտիկամանրաթելային մայրուղային ցանցը:
Պայմանագրով նախատեսված է, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը ձեռք բերի օպտիկական մանրաթելեր GNC-Alfa ընկերությանը պատկանող մալուխային ցանցից, որը ձգվում է հայ-իրանական սահմանից մինչեւ Երեւան:
Պայմանագիրը թույլ է տալիս, որ “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն ունենա անկախ եւ հուսալի համահանրապետական ցանց` միջազգային ձայնային, տվյալների արագ փոխանցման ու ինտերնետի ելքով: Պայմանագրի համաձայն ձեռքբերված մալուխի շահագործումն ու սպասարկումը կիրականացվի GNC-Alfa-ի կողմից:
“Օպտիկամալուխային կապուղիները մեծ տարածում են գտել հեռահաղորդակցության ցանցերում` ընկերությունները վերափոխելով բարձր տեխնոլոգիական կենտրոնների: “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի սեփական օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանին կընձեռի լայնաշերտ մուտքի հնարավորություն: Օպտիկամանրաթելային ցանցը թույլ կտա մատուցել նոր ծառայություններ”, - ասաց “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: