17:15 | 12.11.09 | Նորություններ | 3173

“ԱրմենՏելը” համակարգչային եւ բջջային խարդախության դեմ պայքարին նվիրված կլոր սեղան է անցկացրել

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը եւ “Սպառողների իրավունքների պաշտպանություն” հասարակական կազմակերպությունն այսօր համակարգչային եւ բջջային խարդախության դեմ պայքարին նվիրված կլոր սեղան են անցկացրել:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը այսօր հայտնել է, որ սպառողների բողոքները հիմնականում վերաբերում են անցանկալի sms հաղորդագրություններին եւ ձայնային սպամին, միջազգային զանգեր գեներացնող GPRS-վիրուսներին եւ ռոումինգում անցանկալի զանգերին:

“ԱրմենՏելի” բաժանորդների սպասարկման բաժնի ղեկավար Բուրաստան Մովսիսյանը տեղեկացրել է, որ հաճախ բաժանորդները դառնում են բջջային խարդախության զոհ` մասնակցելով “կեղծ վիճակախաղերին, ինչի արդյունքում սպառողի հաշվի վրա կուտակվում են մեծ պարտքեր”: Նա բաժանորդներին կոչ է արել օգտագործել հատուկ ծրագրեր` բջջային հեռախոսների եւ համակարգիչների պաշտպանության համար:

Բուրաստան Մովսիսյանը բաժանորդներին դիմել է բջջային կամ համակարգչային խարդախության բոլոր դեպքերի մասին “ԱրմենՏելին” տեղյակ պահելու կոչով: