18:38 | 07.11.09 | Նորություններ | 3777

ADC-ն իջեցնում է սակագները

Armenian Datacom Company (ADC) ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Ավետիք Քալանթարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Itel.am պորտալին

- Նոյեմբերի 1-ին ADC-ն հայտարարեց ինտերնետ կապի մատակարարման սակագների իջեցման մասին: Ինչպիսի՞ փոփոխությունների են ենթարկվել ընկերության սակագները եւ ի՞նչը թույլ տվեց ADC-ին գնալ այդ քայլին:

- Մեր կողմից սակագների վերանայումը արձագանք է միջազգային ինտերնետ-ելքուղիներ ապահովող ընկերությունների` “ԱրմենՏելի” ու Fibernet-ի կողմից մեծածախ ինտերնետի գների իջեցմանը: Դա, իր հերթին, բխում էր Հայաստանի կառավարության եւ օպերատոր հանրության նախաձեռնությունից` ուղղված ինտերնետ ծառայությունների սակագների վերանայման անհրաժեշտությանը:

Այսպիսով, նոյեմբերի 1-ին ADC-ն տեղեկացրեց սակագների իջեցման մասին: Սա մի նոր ու հետաքրքիր իրողություն է ստեղծում մեր շուկայում եւ մեծ աջակցություն է ինչպես ՏՏ շուկային, այնպես էլ այլ ձեռնարկություններին:

Կարեւորագույն նվազեցումը հաստատագրված արագությամբ ինտերնետ հոսքերի մատակարաման գների փոփոխությունն է /սակագնի փոփոխությունը, տարբեր ծավալի հոսքերի դեպքում, կազմում է 15-ից 39%/: Բաշխված ինտերնետ-ծառայությունների սակագները, որոնք ավելի շատ նախատեսված են բիզնես հանրության համար, նվազել են 10-51%-ով:

Բացի այդ, ստեղծել ենք նաեւ նոր ապրանքատեսակներ: Օրինակ “Ինտերնետ-օֆիս” ծառայությունը, որը նախկինում տրամադրվում էր 1/4 բաշխման հարաբերակցությամբ այլեւս մատակարարվելու է 1/2 բաշխվածության գործակցով, ինչը նշանակում է ծառայության որակի շեշտակի աճ:

Այսուհանդերձ, հասկանալով փոքր ու միջին ձեռնարկությունների պահանջարկը, մենք ստեղծեցինք “Ինտերնետ-օֆիս կվադրո” ապրանքատեսակը, որի բաշխվածության գործակիցը կազմում է 1/4: “Ինտերնետ-օֆիս կվադրոն” “Ինտերնետ-օֆիս” ծառայությունից էժան է մոտ 50%-ով:

Բացի այդ, փոխվել է նաեւ “Ինտերնետ-օֆիս Մինի” ծառայության բաշխման հարաբերակցությունը` 1/8-ից դառնալով 1/6: Ի դեպ, այս ծառայության ներքո մատուցվող 1.5-2 Մբիթ արագագործությամբ ինտերնետ-կապի ծառայության գները նույնպես նվազեցին մինչեւ 20%-ով:

- Վերջերս շուկա մուտք գործեց միջազգային ինտերնետային մուտք ապահովող երրորդ` GNC Alfa ընկերությունը: Պատրաստվու՞մ եք արդյոք համագործակցել նոր օպերատորի հետ:

- GNC Alfa ընկերության մուտքը շատ ուրախալի է մեզ համար: Այս ընկերությունը հանդես եկավ մի առաջարկով, որը որակապես եւ գնային առումով տարբերվում է նախկիններից:

Այժմ ինչպես ADC-ն, այնպես էլ  բազմաթիվ այլ ընկերություններ, բանակցում են GNC Alfa-ի հետ` վերջինիս ծառայություններից օգտվելու ուղղությամբ:

- GNC Alfa-ն մուտք գործեց շուկա “ԱրմենՏելի” ու Fibernet-ի կողմից գների իջեցումից հետո: Հնարավո՞ր է արդյոք, որ մոտ ժամանակներս տեղի ունենա  ինտերնետի սակագների նոր նվազում:

- Ինտերնետ-ծառայությունների շուկայի կոնյուկտուրան Հայաստանում անընդհատ փոփոխությունների է ենթարկվում: Հանդես են գալիս նոր ընկերություններ նորարար ծառայություններով, նոր ցանցերով, նոր տեխնոլոգիական լուծումներով եւ սա միանշանակ ազդում է շուկայի բոլոր մասնակիցների վարքագծի վրա:

Միայն այս աշնան ընթացքում մենք ականատես եղանք 2 լուրջ իրադարձությունների` GNC Alfa-ի ու Orange Armenia-ի մուտք գործելուն, որոնք միանշանակ ազդել են ինտերնետ-կապի սակագների վրա:

- Հեռու՞ է արդյոք Հայաստանի մեծածախ ինտերնետի շուկայական կոնյուկտուրան եվրոպականից:

- Վսհատեցնում եմ ձեզ, որ Հայաստանում ինտերնետի գները երբեք չեն լինելու եւ չեն էլ կարող հավասար լինել եվրոպական, հյուսիս-ամերիկյան եւ նույնիսկ ռուսաստանյան շուկաներում գործող գներին: Հիմնական պատճառը` տրանսմիսիոն ծախսերն են, որոնք միշտ ընդգրված են լինելու ինքնարժեքի մեջ:

Գների նվազումը կախված է Հայաստան ներկրվող ինտերնետ հոսքերի քանակի ավելացումից: Օրինակ, 10 միջազգային ելքուղիների օպերատորների գոյության դեպքում գներն իսկապես կարող են բավականին էժանանալ:

- ADC-ն դադարեցրեց “Ինտերնետ-օֆիս պրովայդերների համար” ծառայության մատակարարումը: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Այս ծառայությունն իրենից ներկայացնում էր լիցենզավորված օպերատորներին բարձր արագագործությամբ ինտերնետի մատակարարում, որը հնարավոր էր բազմակի անգամ բաշխել (sharing): Այս ծառայությունը մատակարարվում էր մեր կողմից 1/3-ի բաշխվածությամբ:  Ներկայումս, հաստատագրված արագությամբ ինտերնետի գների շեշտակի նվազումից հետո, այս ծառայությունը դառնում է անիմաստ:

- Վերջերս ADC-ն սկսեց մուտք գործել նաեւ “բնակարանային” ինտերնետի շուկա` ներկայացնելով Fastclick ծառայությունը, որի միջոցով ինտերնետը հասանելի է դառնում էլեկտրականության վարդակի միջոցով: Ինչպիսի՞ ընթացք է ստանում այս ծառայության առաջխաղացումը:

- Այս ծառայությունը մեր ընկերությունում գտնվում է դեռեւս պիլոտային կարգավիճակում: Fastclick-ի լայնածավալ մատակարարումը պետք է սկսվի մոտ ապագայում: Այժմ ընթանում են փորձարկման աշխատանքներ, որոնց արդյունքները բավականին գոհացուցիչ են:

Ինչպես հայտնի է, լարային ցանց ունեցող օպերատորների էքսպանսիան ժամանակատար է եւ ծախսատար: Ուրախալի է, որ փորձարկումների արդյունքում մենք հասկացանք, որ բնակարանային բաժանորդների շրջանում գոյություն ունի որակյալ ինտերնետ-ծառայությունների մեծ պահանջարկ:

Նորեկ լինելով շուկայի այս սեգմենտում, որոշեցինք մուտք գործել այնտեղ տեխնոլոգիական նոր լուծումով, որն իսկապես նորարարություն է մեր տարածաշրջանում: