16:08 | 06.11.09 | Նորություններ | 3480

“Նարնջագույն հեղափոխություն տեղի չունեցավ”,- հայտարարել է Beeline-ի գլխավոր տնօրենը

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն այսօր հայտարարել է, որ “չնայած շատերի ակնկալիքներին` նարնջագույն հեղափոխություն տեղի չունեցավ”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Իգոր Կլիմկոն այդ մասին ասել է` մեկնաբանելով Orange Armenia օպերատորի մուտքը շուկա: Նրա խոսքերով, նոր օպերատորի սակագները դեմփինգային չեն, “այլ ավելի շուտ կոռեկտ են գործող օպերատորների նկատմամբ”:

“Վերջերս Հայաստանի կապի ոլորտում մոդայի “օրենսդիրը” դարձել է “ԱրմենՏելը”: Մեր նոր սակագնային պլանները` “Քեզ համար”, “Քեզ համար-Էքսկլյուզիվ” իսկապես հեղափոխական են շուկայում՚,- նշել է Beeline-ի գլխավոր տնօրենը:

Մեկնաբանելով Orange Armenia-ի հայտարարած շարժական ինտերնետի 7.2 Մբ/վրկ արագությունը` Իգոր Կլիմկոն ասել է, որ “դա տեխնոլոգիական արագություն է, որը տրամադրում են 3G ցանցերը”:

“Նույնպիսի ցանցեր ունեն նաեւ “ԱրմենՏել”-ն ու VivaCell-MTS-ը, այդ պատճառով ասել, թե շուկայում արվել է ինչ-որ գերեզակի առաջարկ, ես չեմ կարող”,- ասել է Իգոր Կլիմկոն: