13:06 | 05.11.09 | Նորություններ | 3443

Orange Armenia-ն իր բաժանորդներին կառաջարկի iPhone

Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն այսօր Երեւանում ներկայացրել է իր ծառայությունները եւ սակագները ձայնային եւ ինտերնետային կապի ոլորտներում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Orange Armenia-ի մարկեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանն այսօր ասել է, որ ընկերությունը առաջարկում է ծառայությունների չորս հիմնական տեսակներ`

1. “Խոսենք” կանխավճարային կապ;
2. “Ամեն ամիս” հետվճարային կապ;
3. Orange Business` կորպորատիվ բաժանորդների համար;
4. Orange Internet:

“Խոսենք”-ի շրջանակներում Orange Armenia-ն առաջարկում է 4 սակագնային պլաններ` “Ստարտ”, “Իմ ընկերները”, “Իմ ժամանակը” եւ “Իմ համարները”:

“Ամեն ամիս” հետվճարային կապի բաժանորդները Orange Armenia-ի ցանցում կարող են ամեն ամիս ունենալ 1000 եւ ավել անվճար րոպեներ: Բացի դրանից, այս ծառայության սպառողները կարող են արտոնյալ պայմաններով հեռախոսներ ձեռք բերել Orange-ի խանութներում: Արամ Մկրտչյանը տեղեկացրել է, որ շուտով Orange Armenia-ն իր բաժանորդներին կառաջարկի iPhone:

Orange Business առաջարկը կորպորատիվ բաժանորդներին թույլ կտա առանձին հաշիվներ ստանալ գործնական եւ անձնական զանգերի համար:

Ներկայացնելով Orange-ի ռոումինգի ծառայությունը` Արամ Մկրտչյանն ասել է, որ նոյեմբերի ընթացքում ընկերության բաժանորդները կարող են օգտվել ռոումինգից աշխարհի 130 երկրներում: Ընդ որում, եվրոպական այն երկրներում, որտեղ ներկա է Orange-ը, ռոումինգի գինը լինելու է արտոնյալ: Ռոումինգի ծառայությունը Orange Armenia-ի բաժանորդների համար միացվելու է անվճար:

Արամ Մկրտչյանը հայտնել է նաեւ, որ ընկերության բաժանորդները կարող են միջազգային զանգեր կատարել հատուկ սակագներով: