10:39 | 22.10.09 | Նորություններ | 3176

VivaCell-MTS-ը «կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի առաջատարի իր դիրքերը»

Երեւան /Մեդիամաքս/. VivaCell-MTS-ը կարծում է, որ «ուղեղների արտահոսքի» դեմ պայքարելու համար պետք է ընդառաջ գնալ ապագա մասնագետների պահանջներին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ընկերության ղեկավար Ռալֆ Յիրիկյանն այդ մասին ասել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողների համար դասախոսության ընթացքում:

«Հաղթում է ոչ թե նա, որ բավարարվում է սեփական հաջողություններով, այլ նա, ով չի վախենում կիսվել հաջողության գաղտնիքներով: VivaCell-MTS-ը հավատարիմ է այդ սկզբունքին իր գործունեության սկզբից ի վեր», - նշել է ընկերության գլխավոր տնօրենը:

Խոսելով ՀՀ բջջային կապի շուկայում աճող մրցակցության մասին` Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ «մենք մտադիր չենք զիջել եւ կանենք ամեն ինչ առաջատարի մեր դիրքերը պահպանելու համար»: