16:10 | 01.10.09 | Նորություններ | 4010

Digitec Expo 2009 ցուցահանդեսին մասնակցության հայտ են ներկայացրել 52 ընկերություններ

Երեւան /Մեդիամաքս/. 52 ընկերություններ հայտ են ներկայացրել Digitec Expo 2009 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսին մասնակցելու համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքերով, ցուցահանդեսում ներկայացած ընկերությունների թիվը 15 տոկոսով կգերազանցնի նախորդ տարվա մասնակիցների քանակը:

Արատասահմանյան ընկերություններից ցուցահանդեսին ներկայացված կլինեն ամերիկյան SUN Microsystems-ը եւ շվեդական Ericsson-ը, վերջինս կցուցադրի Ucom հայկական ինտերնետ պրովայդերի (ցուցահանդեսի գլխավոր հովանավոր) հետ համատեղ առաջարկվող ՏՏ հեռուստատեսության ծառայությունը:

Իր հերթին «Ձեռնարկությունների Ինկուբարոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն նաեւ ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված` Հայաստանի կառավարության ծրագրերը, մասնավորապես` «Համակարգիչ բոլորին» ծարգիրը եւ Գյումրիի տեխնոպարկի հնարավորությունները:

Digitec Expo 2009 ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 2-4-ին Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:  Ցուցահանդեսի աշխատանքային ժամերն են 10:00-ից 18:00: Մուտքն ազատ է: