10:19 | 24.09.09 | Նորություններ | 3838
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարծում է, որ “նորարարությունները հեռահաղորդակցային ոլորտում ոչ միայն ցանկալի են, այլեւ` անհրաժեշտ”:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նա այդ մասին ասել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտում` հանդես գալով “ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն” դասախոսությամբ:
“Ողջ տնտեսական համակարգն այսօր կախված է հեռահաղորդակցության դինամիկ եւ մրցունակ համակարգից: Ահա թե ինչու է նորարարությունն այս ոլորտում ոչ միայն պարզապես ցանկալի, այլեւ` անհրաժեշտ նախապայման: Նորարարական մոտեցումները պետք է կիրառվեն ոչ միայն տեխնոլոգիաների, այլեւ` բիզնեսի կառավարման ոլորտում”, - հայտարարել է Ռալֆ Յիրիկյանը:
Ընկերության ղեկավարը նշել է, որ դառնալով Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը` “ՎիվաՍել-ՄՏՍ”-ն առաջարկում է նորարարական ապրանքատեսակներ եւ ձայնային կապի ու տվյալների փոխանցման ծառայություններ, ինչպես նաեւ շուկայի տարբեր սեգմենտների կարիքներին համապատասխանող լուծումներ: