10:37 | 14.09.09 | Նորություններ | 3141

Սպասարկման որակի բարելավման նպատակով “ԱրմենՏելը” սկսել է մոնիթորինգի ծրագիր

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) սկսել է մոնիթորինգի ծրագիր` իր վաճառքի կետերում սպասարկման որակը բարելավելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “ԱրմենՏելի” հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը ՀՀ հասարակական կազմակերպություններին եւ ԶԼՄ-ներին կոչ է արել մասնակցել մոնիթորինգին:

“Ծրագրին մասնակցել ցանկացող լրագրողները կարող են գրանցվել մեր ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունում` ծրագրի շրջանակներում անցկացվելիք միջոցառումների մասին տեղեկանալու նպատակով”, - ասել է Անուշ Բեղլոյանը:

Մոնիթորինգային ծրագրի շրջանակներում հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, ինչպես նաեւ ընկերության աշխատակիցներից բաղկացած հատուկ խմբերը էքսպրես-հարցումներ կանցկացնեն Beeline-ի գրասենյակների մոտ եւ գնումներ կկատարեն որպես “գաղտնի հաճախորդներ”:

“Բացի այդ, “ԱրմենՏելի” գլխամասային գրասենյակում կբացվի հանրային ընդունարան, որտեղ ընկերության եւ հանրության ներկայացուցիչները կընդունեն ու կքննարկեն բաժանորդների բողոքներն ու առաջարկները”, - տեղեկացրել է Անուշ Բեղլոյանը: