10:11 | 28.08.09 | Նորություններ | 3217

“ԱրմենՏելի” գլխավոր տնօրենը գոհ է 2009թ. երկրորդ եռամսյակում ընկերության զարգացման դինամիկայից

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գործառնական զուտ հասույթը 2009թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 8.1%-ով` կազմելով 18 մլրդ 253 մլն դրամ: Միաժամանակ, այս տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության գործառնական հասույթն աճել է 7%-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով “Վիմպելկոմ” ԲԲԸ ֆինանսական եւ գործառնական ցուցանիշները, բջջային կապից “ԱրմենՏելի” հասույթը երկրորդ եռամսյակում 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 794.4 մլն դրամով` կազմելով 7 մլրդ 305.3 մլն դրամ, ֆիքսված կապից` 819.58 մլն դրամով` կազմելով 10 մլրդ 946.5 մլն դրամ:

2009թ. I եռամսյակի համեմատ “ԱրմենՏելի” ֆիքսված եւ բջջային կապի գործառնական զուտ հասույթներն ավելացել են, համապատասխանաբար, 703.31 եւ 377.2 մլն դրամով:

Հայաստանում Beeline-ի բաժանորդային բազան 2008թ. երկրորդ եռամսյակի համեմատ կրճատվել է 25.8%-ով` կազմելով 486 հազ.: Շուկայի Beeline-ի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 37%-ով` կազմելով 19.2%: Միաժամանակ, այս տարվա առաջին եռամսյակի համեմատ Հայաստանում Beeline-ի բջջային կապի ակտիվ բաժանորդների թիվն աճել է 1%-ով:

Հայաստանում բջջային կապի մեկ բաժանորդից Beeline-ի ստացած միջին ամսական եկամուտը (ARPU) երկրորդ եռամսյակում կազմել է 5034.7 դրամ` 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6.9%-ով:

“ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն գոհունակություն է հայտնել այս տարվա երկրորդ եռամսյակում ընկերության զարգացման դինամիկայից: Նա հատուկ ուշադրության է արժանացրել MOU-ի (մեկ ամսվա ընթացքում մեկ բաժանորդի օգտագործած րոպեների քանակը) ցուցանիշը, որի աճը երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 44.6%, իսկ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ` 36.5%: