16:08 | 25.08.09 | Նորություններ | 4664
“Լոկատոր” ընկերության տնօրեն Արման Խաչատրյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Itel.am պորտալին
- Որքա՞ն ժամանակ է, որ դուք տրամադրում եք Հայաստանում GPS-մոնիտորինգի ծառայություններ եւ ունե՞ք արդյոք մրցակիցներ:
- “Լոկատոր” ՓԲԸ-ն մի խումբ էնտուզիաստների եւ բարձրակարգ մասնագետների մտահաղացումների արդյունք է: 2007թ. սկզբից սկսվեց ծրագրային համակարգի մշակումը եւ քարտեզների ստեղծումը, իսկ նույն տարվա նոյեմբերից շուկայում ներկայացվեցին “Locator - Շարժական օբյեկտների արբանյակային GPS վերահսկողության եւ անվտանգության համակարգի” ծառայությունները:
Մրցակիցներ, ինչպես ցանկացած ոլորտում, պարբերաբար ի հայտ են գալիս, բայց կարծում եմ, որ նրանց թույլ կողմերից են պատրաստի արտասահմանյան ծրագրերի ներկայացումը եւ, որպես հետեւանք, հնարավորությունների սահմանափակությունն ու բարձր գները: Locator համակարգը ամբողջությամբ մշակվել է մեր ընկերության կողմից եւ ենթակա է ցանկացած փոփոխության` ելնելով շուկայի եւ հաճախորդների պահանջներից: Մենք շարունակաբար կատարելագործում եւ ավելացնում ենք համակարգի հնարավորություններն ու ծառայությունները` հաշվի առնելով հաճախորդների կարծիքներն ու ժամանակի նորամուծությունները:
- Էլեկտրոնային բովանդակության համահայկական երրորդ մրցույթում “Լոկատոր” ընկերության ստեղծած շարժական օբյեկտների արբանյակային GPS վերահսկողության ու անվտանգության համակարգը ճանաչվեց բացարձակ հաղթող: Նկարագրեք համակարգի հնարավորությունները:
- Այն յուրահատուկ ծրագրային համակարգ է, որը մեծ ճշգրտությամբ որոշում եւ հարմար տեսքով էլեկտրոնային քարտեզի արբանյակային տիեզերական լուսանկարների վրա ներկայացնում է վերահսկվող օբյեկտի աշխարհագրական դիրքը, արագությունն եւ շարժման ուղղությունը: Հաշվի առնելով համակարգի տեղեկատվության անընդմեջ պահեստավորումը, հաճախորդը միշտ կարող է իմանալ, թե որտե՞ղ են եղել իր շարժական միջոցները օրվա ցանկացած ժամին:
Locator համակարգի հնարավորություններից են նաեւ ավտոմեքենայում ուղեւորի առկայության որոշումը, հաշվիչի աշխատանքի ստուգումը, վառելիքի ծախսի վերահսկողությունը, “տագնապի” եւ արագության գերազանցման ազդարարումը, անցած ճանապարհի որոշումը, օբյեկտների խմբային դասակարգումը, հասցեի փնտրումը եւ այլն:
Համակարգի առավելություններից են անվճար ծրագրային ապահովումը, ինչպես նաեւ ծրագրային ապահովման ու քարտեզների պարբերական անվճար թարմացումը: Համակարգը հասանելի է ցանկացած վայրում ինտերնետին միացված համակարգչից: Համակարգի մանրամասն նկարագրությանն ու նրա մասին պատմող տեսահոլովակին կարելի է ծանոթանալ մեր ընկերության կայքում (www.locator.am)
- Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի առողջապահության նախարարի նախաձեռնությամբ դուք GPS-մոնիտորինգի համակարգեր կմատակարարեք Սոչի քաղաքի “շտապ օգնության” համար: Իսկ ապահովվա՞ծ են արդյոք Հայաստանի “շտապ օգնության” մեքենաները GPS համակարգերով:
- Locator համակարգի բժշկական բաժանմունքների համար մշակված տարբերակը ի սկզբանե ստեղծվել է ՀՀ “շտապ օգնության” աշխատանքը կարգավորելու նպատակով եւ առաջին փորձարկումներն անցկացվել են “Էրեբունի” բժշկական կենտրոնի մեքենաների վրա:
- Ունե՞ք արդյոք Ձեր կողմից մշակված համակարգերի այլ արտասահմանյան պատվիրատուներ:
- Ներկայումս բանակցություններ եւ փորձարկման աշխատանքներ են տարվում Մալթայի, Թունիսի, Հունաստանի եւ Իսպանիայի պատվիրատուների հետ:
- Քանի ընկերություն է արդեն օգտվում “Լոկատորի” ծառայություններից եւ, ընդհանուր առմամբ, քանի՞ ավտոմեքենա է Հայաստանում գտնվում արբանյակային վերահսկողության ներքո:
- Իրենց ավտոպարկերի վերահսկողությունը մեզ է վստահել ավելի քան 70 ընկերություն` կրճատելով ավտոպարկի վառելիքի եւ պահպանման ծախսերը եւ բարձրացնելով վարորդների կարգապահությունն ու աշխատանքի արդյունավետությունը:
Մեր համակարգի վերահսկողության ներքո Հայաստանում գտնվում է ավելի քան 600 մեքենա, որոնց վարորդները զգում են իրենց ավելի պաշտպանված, իսկ պարտաճանաչ աշխատանքի դեպքում` ավելի գնահատված:
- Կա՞ն արդյոք որեւէ խոչընդոտներ Հայաստանում GPS-մոնիտորինգի ծառայությունների շուկայի զարգացման ճանապարհին:
- Որպես հիմնական խոչընդոտ կարելի է նշել հայաստանյան գործարար աշխարհի ոչ բավարար տեղեկացվածությունը GPS համակարգերի եւ նրանց ներդրման բարձր արդյունավետության մասին:
- Կա՞ արդյոք ձեր պրակտիկայում GPS-համակարգի հնարավորությունների օգտագործման ակնառու փորձ, երբ, օրինակ, համակարգի օգնությամբ գնտվել է առեւանգված մեքենա:
- Ցավոք, կան առեւանգման եւ հարձակման դեպքեր, որոնք, ի ուրախություն մեզ, բարեհաջող կանխվել են Locator համակարգի միջոցով: Պատահարների մասին մենք տեղեկանում ենք մեր հաճախորդների շնորհակալական արձագանքներից:
- Նախատեսու՞մ եք արդյոք որեւէ նոր նախագծեր, կամ GPS-մոնիտորինգի համակարգի կատարելագործումներ:
- Բացի “Շարժական օբյեկտների արբանյակային GPS վերահսկողության ու անվտանգության համակարգից”, մենք ունենք նաեւ բարեհաջող կյանքի կոչված այլ նախագծեր, օրինակ` Wi-Max կամ այլ օպերատորների ռադիոալիքների հասանելիության ծածկույթի գեո-տեղեկատվական համակարգը, անշարժ օբյեկտների (օրինակ բանկոմատների, վերահսկվող սարքավորումների կամ տարածքների) իրավիճակների վերահսկողության եւ անվտանգության գեո-տեղեկատվական համակարգը եւ այլն:
Բոլորովին վերջերս մենք սկսել ենք ներկայացնել GPS նավիգատորներ: Էլեկտրոնային քարտեզի վրա ցուցադրելով ավտոմեքենայի գտնվելու վայրը` այն օգնում է վարորդին արագ կողմնորոշվել տեղանքում, ցուցադրում է մեկ վայրից մյուսը հասնելու ամենակարճ կամ օպտիմալ երթուղին` հաշվի առնելով երթեւեկության կանոնները: Իսկ վարման ընթացքում հաճելի ձայնով ուղղորդում է վարորդին` ազդարարելով, օրինակ, 50 մետրից սպասվող շրջադարձը: Մեր կողմից ներկայացվող նավիգատորները ունեն նաեւ մուլտիմեդիա հնարավորություններ (վերարտադրում են աուդիո եւ վիդեո տարատեսակ ֆորմատներ, լուսանկարներ, էլեկտրոնային գրքեր), թույլ են տալիս Bluetooth-ով պատասխանել բջջային հեռախոսի զանգին, ինչպես նաեւ ունեն ավտոմեքենայի հետընթացի wireless տեսախցիկ` գիշերային տեսանելիության հնարավորությամբ: