11:03 | 30.07.09 | Նորություններ | 3402
Երեւան /Մեդիամաքս/. Համակարգչային գրագիտությունը կընդգրկվի հայաստանյան դպրոցների պարտադիր ուսումնական ծրագրերում:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, այդ հարցը հուլիսի 29-ին քննարկվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ:
Վարչապետը ՀՀ կրթության եւ գիտության նախարարին հանձնարարել է մշակել ավագ դպրոցներում համակարգչային պարտադիր ուսուցման գործընթաց ներդնելու ընթացակարգը եւ հետեւողական լինել այդ ուղղությամբ բոլոր շրջանավարտների սերտիֆիկացման խնդրին:
Խորհրդի նիստում քննարկվել է ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների բիզնեսի ձեւակերպման գործընթացի հեշտացման հարցը, ինչպես նաեւ մաքսային օրենսդրության եւ վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը, որի շուրջ ՏՏ ձեռնարկությունների միությունը բանակցություններ է վարում Պետեկամուտների կոմիտեի հետ: Համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ: