17:21 | 21.04.09 | Նորություններ | 3047
Երեւան /Մեդիամաքս/. “ՎիմպելԿոմ” ընկերությունն այսօր “իրականությանը չհամապատասխանող” է անվանել լուրերն այն մասին, որ “ՄՏՍ”-ն առաջինն է գործարկել Հայաստանում UMTS/HSPA տեխնոլոգիայի վրա հիմնված երրորդ սերնդի (3G) ցանցը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, “ՎիմպելԿոմ” ԲԲԸ մամլո ծառայության հայտարարությունում ասվում է.
“Հինգշաբթի օրը` 2009թ. ապրիլի 17-ին, “ՄՏՍ” ԲԲԸ-ն ընկերության պաշտոնական կայքում (www.mts.ru) հրապարակել է մամլո հաղորդագրություն Հայաստանում 3G ցանցն առեւտրային շահագործման հանձնելու մասին: Մամլո հաղորդագրությունում ներկայացված տեղեկատվության համաձայն, “ՄՏՍ”-ը առաջինն է Հայաստանում գործարկել UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված երրորդ սերնդի ցանց (3G):
Այդ կապակցությամբ “ՎիմպելԿոմ” ԲԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ թյուրիմացության մեջ է գցում ընկերության բաժանորդներին եւ շուկան:
2008թ. հունիսի 19-ին “ԱրմենՏել” ԲԲԸ-ն (Հայաստանի տարածքում` Beeline ապրանքանիշ) հայտարարել էր 3G ցանցը Երեւան քաղաքում փորձնական-առեւտրային շահագործման հանձնելու մասին: 2008թ. սեպտեմբերի 26-ին Հայաստանում հայտարարվեց 3G ցանցը առեւտրային շահագործման հանձնելու մասին: Այդպիսով, “ԱրմենՏել” ԲԲԸ-ն (Beeline) գործարկել էր UMTS/HSPA տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված երրորդ սերնդի առաջին ցանցը (3G) Հայաստանում:
Անելով այս հայտարարությունը` “ՎիմպելԿոմ” ԲԲԸ-ն հույս ունի, որ այս հերքումը լիովին սպառիչ է ԶԼՄ-ներում վերոհիշյալ չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հետագա տարածումը կանխելու համար”: