12:50 | 02.04.09 | Նորություններ | 4214
Երևան /Մեդիամաքս/. Հայաստանը մտադիր է դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ տարածաշրջանմային լաբորատորիա:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը` այսօր Երեւանում բացելով «Տարածաշրջանային համագործակցության խթանումը ՏՏ միջոցով» համաժողովը, որը անց է կացվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում /ՍՏՀԿ/ Հայաստանի նախագահության շրջանակներում:
Վահե Դանիելյանն ընդգծել է ՏՏ բազմակողմ զարգացում ապահովելու ՀՀ կառավարության ցանկությունը` նշելով, մասնավորապես, էլեկտրոնային կառավարման ներդրումը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը կրթության ոլորտում:
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասել է, որ Հայաստանը ՍՏՀԿ երկրները դիտարկում է որպես հայաստանյան ՏՏ արտադրանքի սպառման հավանական շուկա, ինչպես նաեւ հայկական ՏՏ հատվածում նոր ներդրումային ռեսուրսների աղբյուրներ:
Բագրատ Ենգիբարյանը նշել է նաեւ ՍՏՀԿ երկրների հետ ՏՏ ոլորտում մասնագետների նախապատրաստման ծրագրերի համատեղ իրականացման հնարավորությունը: