15:35 | 18.03.09 | Նորություններ | 4187

Microsoft-ը հայտարարել է ՀՀ-ում սկսնակ IT ընկերությունների օժանդակման BizSpark ծրագրի մեկնարկի մասին

Երևան /Մեդիամաքս/. Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչությունը հայտարարել է ապրիլի 1-ից սկսնակ IT ընկերությունների օժանդակման BizSpark ծրագրի մեկնարկի մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ ծրագրին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում ծրագրավորման ոլորտում եւ մտադիր են ստեղծել սեփական ծրագրային ապրանքատեսակներ: «Ծրագրին մասնակցող ընկերությունների տարիքը չպետք է գերազանցի 3 տարին, իսկ շրջանառությունը` $500 հազարը»,- ասել է Գրիգոր Բարսեղյանը:

Ծրագիրը նախատեսում է մշակումների նպատակով Microsoft-ի անհրաժեշտ ծրագրային փաթեթների անվճար ստացում ընկերությունների կողմից, ինչպես նաեւ ընկերության սերվերներից անվճար հիմունքներով երեք տարի օգտվելու հնարավորություն:

Գրիգոր Բարսեղյանը տեղեկացրել է, որ տեխնիկական աջակցությունից բացի` Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչությունը պատրաստ է ընկերություններին տրամադրել խորհրդատվական աջակցություն` նշելով, որ շուկայում առաջխաղացման նպատակով ընկերությունների կողմից BizSpark ծրագրի շրջանակներում ստեղծվող արտադրանքն իր տեղը կգտնի Microsoft-ի ինտերնետային կայքերում:

ՀՀ-ում BizSpark ծրագրի իրականացման շրջանակներում Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ ծրագիրն էական ազդեցություն կունենա ՀՀ IT հատվածի զարգացման վրա եւ ստվերում աշխատել նախընտրող երիտասարդ ծրագրավորողների խմբերին կմղի գրանցելու իրենց ձեռնարկությունները` ծրագրին մասկակցելու նպատակով: