12:07 | 17.03.09 | Նորություններ | 4897
Երևան /Մեդիամաքս/. Դրամի արժեզրկման արդյունքում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պատվիրատուների համար ծրագրային ապահովում մշակող հայաստանյան Instigate Design ընկերության շահույթը կավելանա է 9%-ով:
Այդ մասին տեղեկացրել է ընկերության տնօրեն Արման Պողոսյանը` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով ազգային արժույթի արժեզրկման ազդեցությունն ընկերության գործունեության վրա:
ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում Synopsys Armenia-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասել է, որ “ամրապնդվող դրամը բացասաբար էր անդրադառնում ընկերության գործունեության վրա, քանի որ վերջինիս գործարքները կատարվում էին ԱՄՆ դոլարով, եւ Synopsys-ի կենտրոնական գրասենյակը ստիպված էր լինում Հայաստան ուղարկել լրացուցիչ ֆինանսավորում դոլարով”:
“Որոշակի գնահատականներ, թե ՀՀ IT հատվածի վրա, մասնավորապես, ինչպես է ազդել դրամի արժեզրկումը, դեռես չկան, սակայն ակնհայտ է, որ դրա արդյունքում շահելու են արտահանողները”,- ասել է “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
“Նորք” տեղեկատվական-վերլուծական կոնտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում ասել է, որ դրամի արժեզրկման ազդեցությունը հայաստանյան IT հատվածի վրա “ավելի շուտ դրական է, քան բացասական”:
“Այսօրվա փոխարժեքը բավականին մոտ է իրականին եւ բարենպաստ` արտահանման համար: Սակայն խնդիրն այն է, որ արտահանման պայմանների պարզեցումը տեղի է ունեցել IT արտադրանքի նկատմամբ պահանջարկի համաշխարհային անկմանը զուգահեռ”,- ասել է Հայկ Չոբանյանը: