14:50 | 19.02.09 | Նորություններ | 3748

Sourcio ընկերությունն առաջիկա 3-4 տարիներին նախատեսում է վաճառքի հարյուրապատիկ աճ

Երևան /Մեդիամաքս/. Կառավարության տրամադրած 125 մլն դրամի հիմնական մասն ուղղվելու է Sourcio-ի արտադրանքի վաճառքի ծավալների աճին, այսօր Երեւանում հայտարարել է ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, նա ասել է, որ ընկերությունն իր ծրագրային ապահովման վաճառքներն արտասահմանյան շուկաներում ավելացնելու է բացված ներկայացուցչությունների միջոցով: Մասնավորապես, Sourcio-ն նախատեսում է այս տարվա ընթացքում ներկայացուցչություն հիմնել ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում: Ավոյանի գնահատականով, առաջիկա 2-3 տարիներին ընկերությունը կարող է ապահովել իր արտադրանքի վաճառքի հարյուրապատիկ եւ աշխատակիցների թվի` քառապատիկ աճ:

«Համաշխարհային ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է գործում ընկերության վրա: Միաժամանակ, մենք ստիպված ենք անցնել ավելի արդյունավետ եւ էժան լուծումների, ինչը Sourcio-ին թույլ է տալիս շուկայում հանդես գալ ավելի մրցունակ գնային առաջարկություններով»,- ասել է ընկերության տնօրենը:

Պետության մասնակցությունն ընկերության կապիտալին նախատեսված է 3 տարի ժամկետով: Ավոյանի խոսքերով, ընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ բաժնետետերի կազմից պետության շուտափույթ դուրս գալու համար: Միաժամանակ, նա չի բացառել Sourcio-ի վաճառքը արտասահմանյան հայտնի IT ընկերության: