14:54 | 10.02.09 | Նորություններ | 6801

Փետրվար-մարտ ամիսներին ՀԾԿՀ-ն կավարտի ֆիքսված կապի համարային ռեսուրսների տրամադրումը

Երեւան /Մեդիամաքս/. Փետրվար-մարտ ամիսներին ՀՀ Հանրային ծառայությւոնները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ կավարտի համարային ռեսուրսների հատկացումը այն ընկերություններին, որոնք ցանկանում են ծառայություններ մատուցել ֆիքսված կապի ոլորտում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀԾԿՀ հեռահաղորդակցային վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, գործունեության որոշ բնագավառներում “ԱրմենՏել” ընկերության` մենաշնորհից հրաժարվելուց հետո ՀԾԿՀ-ն մշակել է ֆիքսված կապի շուկա նոր օպերատորների ավելի արագ ներգրավմանն ուղված միջոցառումների ծրագիր: Մասնավորապես, լուծվել է շուկայում առաջատար հանդիսացող “ԱրմենՏել” ընկերության հետ նոր օպերատորների փոխմիացման /ինտերկոննեկտի/ հարցը:

“ԱրմենՏելին” մենաշնորհային իրավունքներից զրկելու գործընթացին զուգահեռ` գործարկվել է շահագրգիռ ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու կարգը` ցանցերի փոխմիացման ապահովման ուղղությամբ”,- ասել է Գեւորգ Գեւորգյանը:

Նոր օպերատորների կողմից ֆիքսված կապի ծառայությունների լիարժեք տրամադրման երկրորդ նախապայմանը համապատասխան համարային ռեսուրսների առկայությունն էր: ՀԾԿՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ վերջերս հանձնաժողովը փոփոխություններ է կատարել ՀՀ համարայնացման ծրագրում եւ որոշել է ֆիքսված հեռախոսակապի հնարավոր օպերատորների կոդերի կարգը:
Նոր ընկերությունները ֆիքսված կապի ծառայություներ են մատուցելու (+60хх)-ից մինչեւ (+65хх) տարածքային կոդերով, իսկ հաճախորդի վերջնական համարը լինելու է քառանիշ, հայտնել է Գեւորգ Գեւորգյանը:
ՀԾԿՀ հեռահաղորդակցային վարչության պետի կարծիքով, փետրվար-մարտ ամիսներին արդեն շուրջ 8-9 ընկերություններ կունենան համապատասխան համարային բազա: Հանձնաժողովը բանակցություններ է վարում Էլեկտրակապի միջազգային միության /ԷՄՄ/ հետ` նոր օպերատորների միջազգային ելքն ապահովելու նպատակով Հայաստանին ISPC (International Signalling Point Code) կոդեր տրամադրելու ուղղությամբ:
Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ մարտին ֆիքսված կապի պոտենցիալ օպերատորները կարող են սկսել փոխմիացմանն ուղված բանակցությունները “ԱրմենՏելի” հետ, որոնք, “Էլեկտրոնային հաղորդակցության մասին” ՀՀ օրենքի համաձայն` չեն կարող շարունակվել ավելին, քան երկու ամիս: Ծայրահեղ դեպքերում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել ՀԾԿՀ-ին` վիճելի հարցերի լուծման նպատակով:
Պատասխանելով ֆիքսված կապի սակագների ձեւավորման գործընթացին հանձնաժողովի միջամտության վերաբերյալ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ նոր օպերատորներից յուրաքանչյուրը ձգտելու է առաջատարի դիրք զբաղեցնել շուկայում` առաջարկելով մրցունակ սակագներ, սակայն դեմպինգի դրսեւորման դեպքում հանձնաժողովը համապատասխան միջոցներ կձեռնարկի:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում մեկնաբանելով ՀԾԿՀ-ի ծրագրերը` “ԱրմենՏել” ՓԲԸ իրավաբանական ծառայության ղեկավար Դավիթ Սանդուխչյանն ասել է.
“ԱրմենՏելը” խրախուսում է ազատականացմանն ուղղված բոլոր քայլերը, այդ թվում նաեւ մրցակցային ծառայությունների ապակարգավորումը: Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ շուկայի ազատականացումը չպետք է առաջնորդվի նոր օպերատորների համար արտոնություներ, իսկ գործողների համար` լրացուցիչ պարտավորություներ սահմանելով: Մենք համոզված ենք, որ արդյունավետ մրցակցություն կարող է գոյություն ունենալ միայն շուկայի բոլոր սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու պարագայում”: