14:34 | 03.02.09 | Նորություններ | 4394
Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. ընթացքում “ՖՏԱ Տելեկոմ (Օրանժ Արմենիա)” ընկերությունը նախատեսում է $ 70 մլն լրացուցիչ ներդրումներ կատարել Հայաստանում, նպատակ ունենալով գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը` վկայակոչելով կառավարության մամլո ծառայությունն, այս մասին այսօր ասել է “ՖՏԱ Տելեկոմ”-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան` հանդիպելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Բրունո Դյութուան նշել է, որ “Օրանժ Արմենիան” դեռեւս ձեւավորման փուլում է եւ մտադիր է նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչեւ տարեվերջ ու այդ ժամկետում սկսել գործունեությունը:
Ողջունելով “Ֆրանս Տելեկոմ”-ի մուտքը Հայաստան, վարչապետը նշել է, որ մեր երկրում վաղուց էր հասունացել հեռահաղորդակցման ոլորտում եւս մեկ լուրջ ընկերության գործունեության անհրաժեշտությունը: