15:18 | 19.01.09 | Նորություններ | 5722

    Գարնանը Vivacell-MTS-ը կսկսի 3G ցանցի շահագործումը

    Երեւան /Մեդիամաքս/. Vivacell-MTS ընկերությունը ծրագրում է երրորդ սերնդի ցանցի (3G) առեւտրային շահագործումը սկսել այս տարվա գարնանը:

    Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, վկայակոչելով "ՄՏՍ" ԲԲԸ-ն, 3G ցանցի առաջին տարրերը կտեղակայվեն Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:

    "ՄՏՍ" ԲԲԸ-ն ընտրել է չինական Huawei Technologies Co. Ltd ընկերությունը` Vivacell-MTS-ի 3G ցանցի կառուցման համար: Huawei-ի մասնագետները կիրագործեն աշխատանքների ամբողջ ծավալը՝ կապված ցանցի կառուցման ու այն շահագործման հանձնելու, գործող GSM ցանցին ինտեգրելու հետ, ինչպես նաեւ կկազմակերպեն 3G ցանցի շահագործման տեխնիկական աջակցությունն ու փորձի փոխանցումը ՄՏՍ-ի մասնագետներին:

    "3G ցանցի գործարկումը լրացուցիչ խթան է ստեղծում Հայաստանում բջջային կապի զարգացման եւ տարածաշրջանում առաջատարի մեր դիրքերի պահպանման համար: Նոր տեխնոլոգիան կնպաստի արդյունավետ հեռահաղորդակցային լուծումների նկատմամբ "ՄՏՍ" ԲԲԸ-ի ինչպես կորպորատիվ, այնպես էլ մասնավոր հաճախորդների պահանջարկների բավարարմանը",- ասել է "ՄՏՍ" ԲԲԸ փոխնախագահ Օլեգ Պասպոպովը:
    ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2008թ. սեպտեմբերին "ԱրմենՏել" ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարեց Հայաստանում երրորդ սերնդի բջջային առաջին ցանցն (3G) առեւտրային շահագործման հանձնելու մասին:
    3G ծառայությունների մատուցման արտոնագիր ունի նաեւ ՀՀ բջջային երրորդ օպերատոր "ՖՏԱ-Տելեկոմը" (Orange ապրանքանիշ), որը նախատեսում է շուկա դուրս գալ տարեվերջին: