17:28 | 09.01.09 | Նորություններ | 4255

ՀԾԿՀ-ն դիտարկում է ՀՀ-ում Mobile Number Portability ծառայության ներդրման հնարավորությունը

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ դիտարկում է երկրի տարածքում Mobile Number Portability (MNP) ծառայության ներդրման հնարավորությունը, որը թույլ է տալիս հաճախորդներին բջջային մեկ օպերատորից անցում կատարել մյուսին` միաժամանակ պահպանելով իր բջջայինի ամբողջական համարը:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը:

Նրա խոսքերով, ներկայումս հարցը գտնվում է հանձնաժողովի օրակարգում. աշխատանքներ են տարվում MNP ծառայությունը ներդրած եվրոպական երկրների փորձն ուսումնասիրելու եւ վերլուծելու ուղղությամբ: Եվրոպական փորձի եւ տեղական շուկայի առանձնահատկությունների ուսումնասիրման նախնական փուլն ավարտելուց հետո ՀԾԿՀ-ն կներկայացնի Հայաստանում Mobile Number Portability ծառայության հնարավոր ներդրման հետ կապված առաջարկները:

Գեւորգ Գեւորգյանը շեշտել է, որ MNP-ն բջջային կապի շուկայում մրցակցություն ապահովելու տարրերից մեկն է: Միաժամանակ, նկատել է նա, այդ ծառայությունն առավել կիրառելի է բջջային կապի հարյուր տոկոսանոց թափանցելիությամբ երկրներում: Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ Հայաստանում շուկայի հագեցվածությունը նման ծավալների չի հասնում:
ՀԾԿՀ ներկայացուցիչն ասել է, որ Գերմանիայում MNP ներդրումից հետո անհրաժեշտություն է ծագել որոշելու բջջային կապի սակագների նվազագույն շեմը, քանի որ գործող օպերատորները դիմել են, այսպես կոչված, "գիշատիչ սակագներ" կիրառմանը:
Գեւորգ Գեւորգյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում նշել է, որ MNP-ի հնարավոր ներդրումը օրենսդրական փոփոխություններ կպահանջի, քանի որ “Էլեկտրոնային հաղորդակցության մասին” օրենքն ընդունելիս Հայաստանում գործում էր բջջային կապի մեկ օպերատոր` “ԱրմենՏել” ընկերությունը, եւ փաստացի մենաշնորհի պայմաններում MNP-ն դիտարկելը տեղին չէր: Բացի այդ, օպերատորները պետք է համապատասխան տեխնիկական վերահագեցում կատարեն:
ՀԾԿՀ ներկայացուցիչը չի նշել օպերատորների հետ այդ հարցի առարկայական քննարկման կոնկրետ ժամկետները, քանի որ MNP-ի ներդնումը ենթադրում է նրանց միջեւ փոխգործակցության հայեցակարգի մշակում: Գեւորգ Գեւորգյանը հայտնել է, որ գործող օպերատորների հետ սկզբնական աշխատանքային քննարկումներ են անցկացվել, սակայն “մինչեւ ընկերություններին միլիոնավոր ներդրումներ պարտավորեցնելը ՀԾԿՀ-ն պետք է մանրակրկիտ վերլուծություն կատարի եւ համապատասխան հիմնավորումներ ունենա”:
Ներկայումս Հայաստանում գործում է երկու բջջային օպերատոր` “ԱրմենՏել” ընկերությունը, որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է “Վիմպելկոմ” ԲԲԸ-ին (Beeline ապրանքանիշ), եւ VivaCell-MTS-ը, որի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է MTS-ին: Մինչեւ տարեվերջ իր աշխատանքը հայաստանյան շուկայում նախատեսում է սկսել երրորդ օպերատորը` FTA Telecom-ը (Orange ապրանքանիշ):