Deep Origin ընկերությունը 31.7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Առողջապահության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալության (ARPA-H) հետ։ 

Գործարքի համաձայն, CATALYST ծրագրի շրջանակներում կստեղծի in-silico եւ ex vivo անվտանգության մոդելներ, որոնք կարող են զգալիորեն նվազեցնել դեղերի մշակման ժամանակ կենդանիների վրա փորձարկումներից կախվածությունը։

Ընկերության տարածած հայտարարությունում նշվում է, որ ներկայում կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունները 4-5 տարի եւ յուրաքանչյուր մոլեկուլի համար 2-4 միլիոն դոլար են ավելացնում ու դեռ մարդկանց թունավորման դեպքեր են գրանցվում, ինչը տարեկան հանգեցնում է 50-60 միլիարդ դոլարի անհաջող կլինիկական փորձարկումների միայն ուռուցքաբանության ոլորտում։ 

 
Deep Origin-ն առաջադեմ կենսատեխնոլոգիական ընկերություն է, որը հեղափոխություն է անում դեղերի հայտնաբերման եւ զարգացման ոլորտում՝ AI-ի վրա հիմնված նորարար լուծումների միջոցով: Այն գրասենյակներ ունի Սան Ֆրանցիսկոյում ու Երեւանում։ Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Գարեգին Պապոյանի հիմնած Biosim AI ընկերության հետ ռազմավարական միաձուլման մասին։